«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2024 թվականի հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունը «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել, որի արժեքը կազմել է 27 մլն 936 հազար դրամ։ Պայմանագրի գնման առարկան իրական շահառուների հայտարարագրման և առցանց ծառայությունների մատուցման, էլեկտրոնային համակարգերի սպասարկման ծառայություններն են։ Պայմանագրի մատուցման ժամկետը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ն է։ «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի հետ նախարարությունը սկսել է պայմանագրեր կնքել սկսած 2018 թվականի ապրիլից. մինչև այսօր գերատեսչության հետ կնքվել է 21 պայմանագիր, որից 16-ը՝ մեկ անձից գնման կասկածահարույց ընթացակարգով:
2013 թվականին ստեղծված «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի 80% բաժնեմասը, ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի, պատկանում է Ագնեսա Մանուկյանին, որը ընկերության հիմնադիր-տնօրեն Վահագն Մխիթարյանի կինն է: Այս ընկերությունը պայմանագրեր է կնքել նաև այլ գերատեսչությունների, նաև համայնքապետարանների հետ։
2018 թվականի տարեվերջից ընկերությունը միլիոնավոր դրամների շուրջ 315 պայմանագիր է կնքել տարբեր գերատեսչությունների հետ, որից մոտավորապես 240-ը՝ մեկ անձից, ոչ մրցութային ընթացակարգերով: Մեկ անձից գնումների միջոցով չարաշահումները Հայաստանում կարծես արմատավորվում են։
Հիշենք, թե ինչպես Էկոնոմիկայի նախարարության գնումների գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի կասկածով ձերբակալվեցին փոխնախարար Անի Իսպիրյանը և ՀՀ ԱԺ նախագահի եղբոր կինը, հետագայում նաև նախկին նախարար Վահան Քերոբյանը. նրանք այժմ տնային կալանքի տակ են։ Հարցական է մնում միայն, թե գնման ընթացակարգերի միջոցով հնարամիտ եղանակով գումարների հափշտակում իրականացնող ընկերությունների չարաշահումները բացահայտող գործընթացներ կա՞ն, թե՞ ոչ»։