Մամուլ

Համացանցը կրկին հրճվում է Մաթեմյանների ընտանիքի վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Համացանցը կրկին հրճվում է Մաթեմյանների ընտանիքի վրա՝ սա հորինված ընտանիք է, որը բնակվում է մաթեմատիկայի 5-րդ դասարանի դասագրքում։ Ուշագրավ է, որ Մաթեմյանների ընտանիքի բոլոր օրինակներն ուտելու մասին են: Մաթեմատիկայի 3-րդ դասարանի դասագրքում ևս ուսուցիչները խայտառակ սխալներ են գտել, օրինակ՝ 4x8 հավասար է 48-ի կամ 6։8՝ հավասար է 1-ի։ Բայց առավել ուշագրավ է օրինակների բովանդակությունը:

5-րդի դասագրքում Մաթեմյանների ընտանիքը՝ ծնողներ Ադին և Բուդին, զավակներ Գուդին, Դուբին և Եգին ոչ այնքան երեխաներին են ուրախացնում, որքան ծնողներին նյարդայնացնում։ Ծնողներից մեկն ասաց, որ դիալոգներն ու իրավիճակները, որոնցում նրանք հայտնվում են, անհեթեթ են։ Օրինակ․ «Մոկին ասաց, որ 3 օրում 2 կգ մանդարին է կերել, ես էլ ասացի, որ 2 օրում կարող եմ 3 կգ մանդարին ուտել»: «Ուսուցիչը մի անգամ պատմեց, որ կրեմով տապակած մանդարին է կերել»»։