«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Շարունակվող բռնությունը կարող է խաթարել տևական ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 1-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի՝ Տավուշի գյուղերի հանձման վերաբերյալ արված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ:
ԱՄՆ դեսպանին, մասնավորապես, խնդրել էինք պատասխանել, թե ինչ տեղեկություններ կան դեսպանի մոտ, որտեղ է սկսվում և որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը:
Ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ և առաջարկում սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով:
Ինչո՞ւ դեսպանը՝ որպես միջազգային հանրության վառ ներկայացուցիչ, չի գործադրում ջանքեր, որպեսզի Ադրբեջանը, որ 2021 թվականից օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները Սյունիքի, Գեղարքունիքի և Ջերմուկի հատվածներում, հետ քաշվի: Իսկ եթե գործադրում է ջանքեր, ապա ինչո՞ւ չկա հաջողություն:
ՀՀ վարչապետը մարտի 18-ին՝ Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ եթե 1 շաբաթվա ընթացքում սահմանազատման գործընթացը չսկսվի, այսինքն՝ տարածքները չհանձնվեն, ապա պատերազմ է սկսվելու: Դեսպանն ի՞նչ տեղեկություն ունի, արդյոք պատերազմը անխուսափելի՞ է, և եթե հարձակում լինի ՀՀ վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան միջազգային հանրությունը:
Ի պատասխան մեր այս հարցերի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տվել է այսպիսի պատասխան.
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն տևական խաղաղության համաձայնագիր, որով կճանաչվի այդ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը․ և ինչքան շուտ, այնքան լավ։
Միացյալ Նահանգները հստակ մատնանշել է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Մենք կարծում ենք, որ շարունակվող բռնությունը կարող է խաթարել տևական ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը»։