Մամուլ

Փաստել են Պուտինի լեգիտիմությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 15–֊ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, երկկողմ փոխհարաբերությունների բերումով ՌԴ նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար 2024 թվականի մարտի 14-18-ը Մոսկվա են գործուղվել Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը և Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը:

Դրանից բացի, ԱՊՀ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափով դարձյալ Մոսկվա են գործուղվել ՔՊ անդամ երկու պատգամավորներ Ալեքսանդր Սանդիկովը և Միքայել Թումասյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջիններս նաև միասնական եզրակացություն են ստորագրել, համաձայն որի՝ ՌԴ նախագահի ընտրություններն անցել են ազատ, արդար և թափանցիկ: Ասել է թե՝ Պուտինը լեգիտիմ նախագահ է: Եզրակացությունը կհրապարակվի առաջիկայում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական Վահե Ղալումյանից փորձեց պարզել՝ արդյոք ինքն անձամբ այնտեղ Պուտինի ընտրության մշտադիտարկման աշխատանքներին մասնակցել է. եթե այո, ինչ-որ խախտումներ արձանագրել է արդյոք։ ՔՊ-ականն իրեն հատուկ ոճով հարցը լսելիս անջատեց ու այլևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»: