Մամուլ

Պատգամավորն ու ԱԱԾ նախկին տնօրենը հարցաքննվել են, եղել է առերեսում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի ճնշման քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։ Ավելին՝ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հարցաքննվել է նաև Հայկուհի Հարությունյանը։

Բացի այդ, ԱԱԾ նախկին տնօրենն ու Հայկուհի Հարությունյանը ևս առերեսվել են կոմիտեում։

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի կողմից Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Խոսքը, մասնավորապես, իր պաշտոնավարման ընթացքում և, դրանով պայմանավորված, իր նկատմամբ ճնշման մի դեպքի մասին էր:

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի հարցին` Հարությունյանը նշել էր, որ ԱԱԾ-ից եղել է զանգ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։

«Ներողություն եմ խնդրում, բայց Ձեր պահանջին հետևելով՝ հրապարակում եմ՝ Ազգային անվտանգության ծառայությունից.. որ բացասական եզրակացություն այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր․․․

Արժանացել է բացասական եզրակացության, և դա անհանդուրժելի է նաև․․․ Ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պիտի ապահովվեր։ Վերջին բառակապակցությունը գուցե շատ սուր հնչի։ Ես անմիջապես՝ հենց այդ պահին, զանգի մասին տեղեկացրել եմ և փորձել եմ ճշգրտում անել՝ առհասարակ դա՝ որպես երևույթ, ինչ-որ մեկը կառավարությունում տեղյակ է, թե ոչ, և պիտի շնորհակալություն հայտնեմ, որ անմիջապես արձագանքը եղել է․․․

Հաջորդ օրը նույնիսկ պարոն Աղաջանյանը (նկատի ունի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին՝ հեղ.) այցելել էր նույն շենքում տեղակայված մեկ այլ կառույցի՝ Բնապահպանական տեսչական մարմին, և նաև այցելեց հանձնաժողով, և 4 անդամով (այդ ժամանակ 4 անդամ էինք), ես անձամբ բոլորի ներկայությամբ դեպքը պարոն Աղաջանյանին ներկայացրել եմ։ Վերարտադրում եմ նաև պարոն Աղաջանյանի խոսքերը, և շնորհակալություն նաև իրեն. դա մեր և մեր քաղաքական թիմի կողմից անհանդուրժելի վարքագիծ է, և նման դեպքերը մեզ համար անընդունելի են»,-ասել էր նա։

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ վերոնշյալ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Վերջինս սահմանում է քրեական պատասխանատվություն պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար»: