Մամուլ

Ներքին խմբում գրված հայհոյանքներին «լայք» դնելու համար դատավորը հեռացավ համակարգից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում քաոսը շարունակվում է: 4-րդ դատավորն է ճնշումների արդյունքում ազատման դիմում գրում և լքում դատական համակարգը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանը դատավորների ներքին «չաթի» աղմկահարույց գրագրության մասնակիցներից մեկն է եղել, սակայն որևէ բան չի խոսել, կարծիք չի հայտնել, ընդամենը «լայք» է դրել: և, ահա, «լայք»-ի համար նրան ստիպեցին համակարգը լքել: Ավելին՝ լուրեր կան, որ նրան ճնշել են իր հոր՝ Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն 2021 թվականին հայտնել էր. «Համայնքի նախկին ղեկավարը 2012թ. օգոստոսից մինչև 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, առանց լիազոր մարմնի համաձայնության, նախ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, որում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի վերաբերյալ, այնուհետև կազմակերպել և իրականացրել է դրանց օտարումը»:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտի 7-ին էր գրել, որ հաջորդ դատավորը, որը աշխատանքից ազատման դիմում կգրի սեփական նախաձեռնությամբ և կհեռանա դատական համակարգից, Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանն է: Բանն այն է, որ պատերազմի օրերին դատավորները իրենց ներքին խմբում՝ «չաթում», իշխանությունների հասցեին հայհոյանքներ են գրել, որը վերջին շրջանում դատական համակարգի Հուդայի համարում ստացած դատավոր Մնացականյանը, ըստ մամուլի, տարել և ներկայացրել է քաղաքական իշխանություններին:

և, ահա, հենց այդ էկրանանկարները դրել են դատավորների առաջ և ստիպում են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ: Նույն պատճառաբանությամբ դատական համակարգը լքել են դատավոր Արշակ Վարդանյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, 4-րդ դատավորն էլ Անդրանիկ Մնացականյանն էր»: