«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհուրդը դատարանների նախագահներին մի նոր փաստի առաջ է կանգնեցրել։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն որոշել է՝ այսուհետ դատավորները պետք է իրենց գործերի ժամկետների մասին տեղյակ պահեն դատարանի նախագահին, եթե ժամանակին չեն ավարտել գործը, ներկայացնեն պարզաբանում, թե ինչու չի հաջողվել: Ամենաուշագրավը ԲԴԽ որոշման մեջ այն է, որ եթե դատարանի նախագահն էլ չպահպանի դատարանի դատավորների կողմից գործերի ժամկետների հսկողության մասով հետևողական մոտեցում ու ժամանակին դեպարտամենտին տեղյակ չպահի, ապա ողջ պատասխանատվությունը ընկնում է իր վրա։
Ասել է թե՝ դատարանների նախագահները պետք է սկսեն դատավորների վարույթներում քննվող գործերի ընթացքի մասին մանրամասներին տիրապետել և ապա զեկուցել ԲԴԽ-ին։ Բացի այդ, սահմանել են, որ դատավորները, որոնք իրենց խնամակալության տակ ունեն մանկահասակ երեխա (ներ) և (կամ) առողջական խնդիրներ ունեցող անձ(ինք) և այլն, դատարանի նախագահին նախապես ու ամսվա վերջում գրավոր հաշվետվություններ պետք է տան (ինչը նույնիսկ ոստիկանությունում ու քննչական մարմիններում չկա): Դատավորները կարող են բացակայել աշխատանքի վայրից օրվա ընթացքում առավելագույնը մեկ ժամ: Ընտանեկան դրության մանրամասները դատարանների նախագահներին զեկուցելուց բացի, պետք է իրենց վարույթի գործերի մանրամասները ներկայացնեն, որ նրանք վերհսկեն ընթացքը:
Այսկերպ «անկախ դատական համակարգի» բրգաձև ղեկավարման նոր մոդել է ներդրվում սիրուն փաթեթավորմամբ՝ վարքագծի նկատմամբ հսկողությունից անցնելով ընթացիկ գործերի մոնիթորինգին: Այս քայլով ԲԴԽ-ն, որ սահմանադրական անկախ մարմին է՝ ապահովելու դատական անկախ համակարգի գործունեությունը, իրականացնելու է տոտալ հսկողություն՝ համակարգը արդեն դե յուրե դարձնելով միասնական կառավարման ենթակա կառույց, շեֆ-ենթակա հարաբերություն կառուցելով»: