«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և կոնկրետ հարցադրումներ էր արել։ Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել էին Աժ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Խնդրել ենք հայտնել, թե այլ քրեական վարույթներով քանի նմանօրինակ մարդասիրական քայլ են դրսևորել և սեփական նախաձեռնությամբ խափանման միջոց փոխել. «1. Եթե կան նման նախադեպեր, կխնդրեմ ներկայացնել օրինակները: 2.Իսկ եթե չկան նախադեպեր, խնդրում եմ հայտնել, թե ինչու ձեր մարդասիրությունը արթնացավ հենց պետական բարձր պաշտոն զբաղեցնող ԱԺ նախագահի մեծ ընտանիքի անդամի քրեական վարույթով»:
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցադրումների՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ 2018- 2023 թվականների ընթացքում իրավասու դատախազների կողմից սեփական նախաձեռնությամբ կայացվել է որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին 429 որոշում, որից 147-ը՝ 2018 թվականին, 137-ը՝ 2019 թվականին, 73-ը՝ 2020 թվականին, 14-ը՝ 2021 թվականին, 18-ը՝ 2022 թվականին, 40-ը՝ 2023 թվականին: Իհարկե, Աննա Վարդապետյանին ուղղված հարցադրումների պատասխանում չկա խոսք այն մասին, թե անձամբ Աննա Վարդապետյանը քանի հոգու նկատմամբ է մարդասիրություն դրսևորել, և քանիսն են կալանքից ազատվել:
Վիճակագրությունը, որ ներկայացվել է, խիստ մտահոգիչ է, քանի որ 2018 թվականին եղել է 147 կալանքից ազատում, 2023-ին՝ 40»: