«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցաքննությունից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, Արսենյանի հարցաքննությունը տևել է մոտ մեկ ժամ. վերջինս քննիչի հարցերին, թե ճանաչում է արդյոք գործով կալանավորվածներին, երբևէ տեսել է նրանց կամ շփվել նրանց հետ, պատասխանել է, որ ծանոթ չէ ու երբևէ չի ճանաչել։
Ի դեպ, ամենաուշագրավն այն է, որ այս քրեական գործը քննում են ԱԱԾ-ից քննչական տեղափոխված ԱԱԾ քննիչները։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հաջորդը ՀՀ քննչական կոմիտե հրավիրվելու է ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որի բակ էին ցանկացել պայթուցիկ նետել, բայց պատահմամբ պայթուցիկը գցել էին նրա հարևանի բակ։
Նշենք, որ երեկ ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես է ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը մտնում Քննչական կոմիտե։ ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ նրան հարցաքննել են իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու քրեական վարույթի շրջանակներում:
Նկատենք, որ ՔՊ գրասենյակի և «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Գործով կալանավորվածներից մեկը ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյան է և Վահան Հովհաննիսյանը»: