«Հրապարակ» թերթը գրում է․ «Փետրվարի 23-ին Երևանից Գյումրի գործուղված ոստիկանական ուժերը բերման են ենթարկել Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եղբորորդուն։ 31-ամյա երիտասարդին բերման են ենթարկել իբր թմրանյութերի դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում․ Շիրակի «քաղմասում» նրան դաժան ծեծի են ենթարկել, նոր միայն բաց թողել։
Աջապահյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը և մանրամասներ պատմեց․ «Երևանից էին` ինչ-որ հատուկ վարչությունից, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում են բերման ենթարկել, քաղաքից 15-20 հոգու բերման են ենթարկել՝ ներառյալ իմ եղբորորդուն: Բնականաբար, ընտանիքի անդամներին ահաբեկելով՝ առավոտ լուսումութին, հետո էլ ծեծի են ենթարկել։ Սա արել են Երևանի ոստիկանները, Գյումրիի ոստիկանները կապ չունեն կատարվածի հետ»։ Աջապահյանի եղբորորդին մասնագիտությամբ ճարտարապետ է: Հարցրինք՝ կատարվածը պայմանավորվա՞ծ է իշխանությունների հասցեին իր սուր քննադատությամբ։ «Իրենց հարցրեք․․․ Եթե 15-20 հոգի բերման է ենթարկվում, բայց միայն մեկին են ծեծի ենթարկում, Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում»»: