Մամուլ

Ռուբեն Վարդազարյանը կրկին հարցաքննության կգնա հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին կրկին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննել: Նախաքննական մարմինը Վարդազարյանից պահանջել է իր և Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ամբողջական տարբերակը, սակայն Ռուբեն Վարդազարյանը կրկին հրաժարվել է այն տրամադրել:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկության էր մտել ԲԴԽ նախկին նախագահ Վարդազարյանի տուն՝ փնտրելով ամբողջական ձայնագրությունը, որտեղ ուշագրավ հատվածներ կան:

Ինչու՞ են հիմա հիշել իրավապահները ձայնագրության ամբողջական տարբերակի մասին, հատկապես երբ Հակակոռուպցիոն կոմիտեի թեթև ձեռքով այդ գործը կարճվել էր, ու միայն Վարդազարյանի համառության շնորհիվ է վերաբացվել: Մինչ այդ փաստացի անգործունակ եղած Հակակոռուպցիոն կոմիտեն նոր թիրախներ է փնտրում:

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրված ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից»: