«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պատրաստվում են փոխել ՀՀ զինված ուժերի ծառայողների համազգեստի ձևը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Եվրոպայի, ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հետ ծավալվող և նոր զարգացող հարաբերությունների շրջանակում փորձում է, որպես ռազմական աջակցություն, փոխել հայոց բանակի զինծառայողների համազգեստը։
Պատճառն այն է, որ երկար ժամանակ է, ինչ ՊԲ համազգեստները չեն փոխվել, և դրանք դարձել են հեշտ հասանելի յուրաքանչյուրի համար։
Պաշտպանության բանակի համազգեստի փոփոխման համար ներդրվելու է ֆրանսիական մոդելը, որը, ըստ որոշ լուրերի, նման չի լինելու նախկին համազգեստին և՛ արտաքնապես, և՛ որակապես։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե ինչ է քննարկվում ՊՆ համազգեստների փոփոխման վերաբերյալ ֆրանսիական կողմի հետ, և ինչ գործընթացներ են իրականացվել։
Պաշտպանության նախարարությունից մեզ պատասխանել են. «Դեռևս շարունակվում են գործընկեր երկրների դաշտային համազգեստների ուսումնասիրման աշխատանքները։ Ուսումնասիրման արդյունքում ընտրված նմուշի ձեռք բերման նպատակով օրենքով սահմանված ընթացակարգով կհայտարարվի մրցույթ։ Մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերին կից ժամանակացույցով մատակարարվելիք խմբաքանակներից հնարավոր կլինի հատկացնել ՀՀ ԶՈՒ անձնակազմին»։