«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քանի որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, ԱԺ-ում չմասնակցեց ՍԴ դատավորի պաշտոնում դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Դավիթ Բալայանի թեկնածության քվեարկությանը, դատավորները էլի պետք է հավաքվեն։
Կրկին պիտի ՍԴ դատավորի թեկնածու ընտրեն և ուղարկեն ԱԺ-ի հաստատմանը: Դատական համակարգում ակտիվ քննարկում են, թե ում ընտրեն։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, կրկին առաջադրվի, որին դատավորները մի անգամ արդեն մերժել էին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցը անձամբ նրանից ճշտել, սակայն մեր հաղորդագրություններն ու զանգերը մնացին անպատասխան:
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դատավորներին էր դիմել Երևան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել Վճռաբեկ դատարանի դատավոր։ Դատավորները 158 ձայն տվեցին Դավիթ Բալայանին, սակայն Բալայանին ՔՊ-ն չընտրեց: Ուստի, հերթական անգամ դատավորները հավաքվելու են առաջիկայում: Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, և ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:
Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր և այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից»: