Մամուլ

Ozon-ով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տևական ժամանակ է՝ քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ Ozon ռուսական առցանց առևտրի հարթակի միջոցով պատվերներ գրանցելուց և վճարում կատարելուց հետո գրեթե մեկ ամիս է անցել, սակայն դեռևս պատվերի առաքում տեղի չի ունեցել։

Խնդիրը լուծելու նպատակով քաղաքացիները դիմել են Ozon-ի առաքման կետեր, սակայն որևէ բացատրություն ուշացման պատճառների և առաքման մոտակա ժամկետների վերաբերյալ չեն ստացել։

Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Ozon-ի գրասենյակային ներկայացուցիչների հետ, սակայն նրանք ողջ օրը այդպես էլ չարձագանքեցին մեր հեռախոսազանգերին։ Այցելեցինք Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող սպասարկման կերտերից մեկը, որպեսզի տեղում զրուցենք ղեկավարներից որևէ մեկի հետ։ Այնտեղ էլ մեզ փոխանցեցին, որ իրենք ևս չեն կարողանում որևէ մեկի հետ կապ հաստատել և միայն որոշ խոսակցություններից տեղեկացել են, որ բեռնափոխադրող մեքենաներն այժմ գտնվում են Հայաստանի սահմանին, և կան որոշակի խոչընդոտներ, ինչի պատճառով չեն կարողանում մուտք գործել մեր երկրի տարածք։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա հուլիսին Ozon-ը Երևանում գործարկել էր տեսակավորման կենտրոն, և այսօր արդեն Երևանում գործում են պատվերների ստացման բազմաթիվ կետեր։ Արի ու տես, որ էլի քաղաքացու հարցերը մնում են անպատասխան, քանի որ պատասխանատուները «թռել են», իսկ քաղաքացիները՝ խաբվել»: