Մամուլ

ԼՂ կառավարությունը համապատասխան կարգ է մշակում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Արցախի կառավարությունը 1 ամիս առաջ փոփոխություն արեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որ այն արցախցիները, ովքեր ուզում են շուտ ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան հիմա վերցնել: Հիմա Արցախի կառավարությունը համապատասխան կարգ է մշակում՝ գործընթացը կազմակերպելու համար:

Մեր տեղեկություններով, երեկ վերջապես վերականգնվել է Արցախի ԱԺ կայքը, որտեղ պաշտոնապես հրապարակվել է օրենքը` այն չէր գործում արցախցիների բռնի տեղահանումից հետո՝ ադրբեջանական հարձակումների պատճառով։ Իսկ փոփոխությունը հետևյալն է․ «Անհաղթահարելի ուժով՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված՝ մասնակցի համար (օգտին) կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերը մարվում են, և դրա արդյունքում ձևավորված միջոցները (անկախ դրանց չափից) մասնակցի ցանկությամբ փոխանցվում նրա այլ կուտակային կենսաթոշակային համակարգում բացված հաշվին կամ փոխանցվում նրա բանկային հաշվին՝ ԱՀ կառավարության սահմանած կարգով»։

Օրենքն ուժի մեջ է մտնում ԱՀ ԱԺ պաշտոնական կայքում հրապարակվելուն «հաջորդող 10-րդ օրվանից»: Փոփոխված դրույթի կիրարկումն ապահովող կառավարության որոշում կընդունվի 1 ամսվա ընթացքում, 9 ամսվա ընթացքում էլ գումարները կվերադարձվեն:

ՀՀ Կենտրոնական բանկը, որին դիմել էին արցախցիները, ձեռնպահ է մնացել այս գործընթացից, թեպետ կուտակային ֆոնդերի հետ ինքն է աշխատել: Մեր հարցմանը ԿԲ-ից պատասխանել են, որ հատկացումները կամ դրանց հետագա ճակատագրի հարցերը չեն մտնում ԿԲ իրավասությունների մեջ»: