Մամուլ

Ռումբ դնելուց առաջ պատգամավորին SMS են ուղարկել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վերջին օրերին ՔՊ-ի գրասենյակային տարածքների մոտ ռումբեր էին տեղադրվել. փետրվարի 22-ին ՔՊ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի ՄԱԿ կուսակցության Արաբկիրի գրասենյակի մոտ ռումբ հայտնաբերվեց, իսկ փետրվարի 26-ին՝ Արսենյանի տարածքի հարևանությամբ գտնվող ՔՊ գրասենյակի։ Չնայած ռումբի վնասազերծման աշխատանքներից հետո փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարեց, թե հայտնաբերվածը պայթուցիկ չէ, այլ՝ «մուլյաժ» (կեղծ կաղապար), որը վնասազերծել են, սակայն ՔՊ-ում չեն հավատում այդ վարկածին և կարծում են, որ ոստիկանությունը դրանով քողարկում է իր անճարակությունը: Իսկ Արսենյանի ու ՔՊ-ի գրասենյակի մոտ իսկական ռումբ էին տեղադրել։

ՔՊ-ականները մեր մասնավոր զրույցում այս վարկածը հիմնավորում էին նրանով, որ մոտ 15 օր առաջ էլ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան պարսպի մոտակայքում` Նոյ թաղամասում է ռումբ տեղադրվել, որը մեծ ուժգնության չի եղել, բայց պայթել է` պատճառելով նյութական վնաս։

Եվ մի փաստ էլ կա, որը վկայում է նախապես ծրագրված ակտի մասին. դեռևս փետրվարի 20-ին Գուրգեն Արսենյանն ու ՊՎԾ պետ, ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը գրեթե նույնաբովանդակ հաղորդագրություններ են ստացել հեռախոսով. «Դեռ չե՞ք պայթել, այ․․․»: Վիրավորական բովանդակությամբ հաղորդագրությունն Արսենյանն անմիջապես ջնջել է ու չի պատկերացրել, որ դա զգուշացում է` իրեղեն ապացույց, միայն երկու օր անց այցելելով իր գրասենյակ՝ տեսել է, որ պահակը կասկածելի իր է հայտնաբերել, և այդ ժամանակ է հասկացել, թե ինչ էր գրել անհայտ անձը, ու ահազանգել է իրավապահներին: Ռոմանոս Պետրոսյանն իր ստացած հաղորդագրությունն ուղարկել է ԱԱԾ:

Իրավապահները մի քանի օր ՔՊ տարբեր գրասենյակներում փնտրել են ռումբը` չեն հայտնաբերել, միայն փետրվարի 26-ին Արաբկիրի գրասենյակի մաքրուհին է հայտնաբերել ու ահազանգել ոստիկանություն։ ՔՊ-ում կարծում են, որ ոստիկանության անգործությունը պարտակելու նպատակով են հայտարարել, թե ռումբն իսկական չի եղել։ Գուրգեն Արսենյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ և ինքը, և Ռոմանոս Պետրոսյանը նման հաղորդագրություններ են ստացել, իսկ Մելքոնյանի տան մոտ նման պայթյուն է եղել»: