Մամուլ

Ի՞նչ ունեցվածք ունի պաշտպանության փոխնախարարը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտոնում նշանակվել է 2021թ․ օգոստոսի 13-ին։

Մինչ Պաշտպանության նախարարությունում աշխատելը Բրուտյանը պաշտոններ է ունեցել ֆինանսական ոլորտում, օրինակ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, ապա ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես վարչության պետ, ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդական և այսպես շարունակ։

Բրուտյանը, ըստ 2022 թվականի հայտարարագրի, ունի 3 անշարժ գույք, որից մեկը բնակարան է բազմաբնակարան շենքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. այն 2017 թվականին ժառանգություն է ստացել փոխնախարարը։ Երկրորդ անշարժ գույքը Կոտայքի մարզի Փյունիկ համայնքում գտնվող անհատական բնակելի տունն է, որը 2012 թվականին է նվիրատվություն ստացել Բրուտյանը։

Երրորդ անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն է, որը ձեռք է բերվել 2019 թվականին, երբ Բրուտյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալն էր։ Այն գտնվում է Ջրվեժ համայնքում։

Փոխնախարար Բրուտյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 50 հազար եվրո, 40 հազար ԱՄՆ դոլար և 55 մլն դրամ։ Բրոտյանի տարեկան եկամուտները կազմել են 19 մլն դրամ, որից 15 մլն 563 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պաշտպանության նախարարությունից, իսկ 3 մլն 719 հազար դրամը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից։ Թե ինչպես է մշտապես միայն պետական պաշտոնյա աշխատած Բրուտյանը կուտակել այդքան կանխիկ գումար, թերևս կպարզի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Տեղեկացնենք, որ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն դրամ, որը ներառում է նաև 2 բնակելի տների հիփոթեքի մայր գումարի մնացորդը»։