«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ-ի և ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի հետ հանդիպումից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականները բավականին ակտիվ են եղել։
Մասնավորապես, փակ հանդիպմանը կոնկրետ ՍԴ դատավորի թեկնածուին 6-ից ավելի հարց է տվել Անդրանիկ Քոչարյանը, որից հետո հարցեր են տվել Վլադիմիր Վարդանյանը, Տրդատ Սարգսյանը, Լիլի Մինասյանը, Հայկ Կոնջորյանը: Վերջիններիս հարցերը եղել են ինչպես նրա կրթությունից, այնպես էլ նրա գործունեությունից: Ի դեպ, ըստ ՔՊ-ականների, առավել սուր հարցեր է տվել Անդրանիկ Քոչարյանը, որի հարցերին Բալայանը բավականին հանգամանալից պատասխաններ է տվել։
ArmLur.am-ը գրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների պատգամավորների հետ։ Բալայանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն չցանկացավ որևէ բան մանրամասնել։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ ՔՊ խմբակցության հետ հանդիպումը շատ ակտիվ է եղել, որի ժամանակ պատգամավորները տարբեր հարցեր են հղել Բալայանին։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երևան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։ Դատավորները 158 ձայն տվեցին Դավիթ Բալայանին։
Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, և ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:
Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր և այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից»։