Մամուլ

ՊԲ նախկին հրամանատարին դատում են, տեղակալին՝ պաշտոն տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մոտ 2 տարի է՝ կալանքի տակ է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, ում մեղադրում են 2020 թ. հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, ինչի հետևանքով, ըստ ՔԿ-ի, հակառակորդը գրավել է Շուշին, և հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր ու վիրավորներ։

Բայց միևնույն ժամանակ պաշտոն են տալիս մեկին, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ՊԲ-ում զբաղեցնելով սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը՝ նշանակված է եղել Շուշիի պաշտպանության պատասխանատու:

Խոսքն Արցախի ՊԲ փոխնախարար Սերգեյ Առստամյանի մասին է, որին երեկ նշանակեցին ՔԿ նախագահի խորհրդական: Հիշեցնենք նաև, որ Քյարամյանը ևս պատերազմի օրերին Հայաստանից գործուղվել էր Շուշի և թերևս այնտեղ է Առստամյանի հետ ծանոթացել»։