«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ այսօր Գեղարքունիքի մարզում կրկին թեժ է լինելու, մարզի բնակիչները՝ հատկապես Մարտունի խոշորացված համայնքի, պատրաստվում են բողոքի ակցիաներ անել, ճանապարհներ փակել։
Բողոքի առիթն արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներին հարկելու ՊԵԿ նախաձեռնությունն է։ Այսինքն՝ իրենց երկրում աշխատանք չգտած և ապրուստի միջոց հայթայթելու ակնկալիքով արտերկիր մեկնած քաղաքացիներն ուրիշ երկրում վաստակած գումարը պետք է հաշվարկեն և Հայաստանի Հանրապետությանը եկամտահարկ վճարեն, չնայած իրենց աշխատածից արդեն տվյալ երկրում հարկեր են վճարում։
Հայաստանից ամենաշատը հենց Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, և պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»։