«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դավիթ Երեմյանի ընկերությունները մասնակցում են պետական մասշտաբի տարբեր մրցույթների։ Հաղթում են այդ մրցույթները մեկ պարզ հանգամանքի շնորհիվ՝ իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ են:
Օրինակ՝ 2024 թվականի սկզբից մինչ այսօր «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ Ազգային ժողովը կնքել է 5 մլն դրամ արժողությամբ պայմանագիր։ Ընկերության կողմից որպես լիազոր անձ հանդես է գալիս Ալեքսանդր Գասպարյանը: Պայմանագիրը կնքված է մինջև սույն թվականի դեկտեմբերի 30-ը։
Ըստ պայմանագրի՝ ՍՊԸ-ն պարտավորվում է կազմակերպել պատվիրակությունների ընդունման հյուրասիրության ծառայությունների մատուցում։
Ծառայություններում, ըստ պայմանագրում տեղ գտած բնութագրի, նշված է, որ պետք է մատուցվեն տաք և սառը խորտիկներ, տաք ուտեստներ, ապուրներ, տաք ըմպելիքներ, աղցաններ, խավարտներ, ալկոհոլ և այլ ուտեստներ։
Այս պայմանագրով նշված բոլոր ծառայությունները մատուցվելու են այն ռեստորաններում, որոնք պատկանում են Երեմյաններին, օրինակ ՝ «Լիվինգսթոն», «Պանդոկ Երևան», «Պանդոկ Երևան Գետափին», «Լավաշ», «Կազան Նոստրա», «Շերեփ» և այլն։ Ընդ որում՝ շատ դեպքերում ծնունդների, կնունքների, ատամհատիկների կողքին պաշտոնական պատվիրակություններ են ընդունվել:
Հետաքրքիրն այն է, որ պատվիրակություններին հյուրասիրելու համար նախատեսված է 78 հազար դրամ արժողությամբ սև ձկնկիթ, բրենդի Erebuni 50 և 70 տարեկան, որոնց արժեքը համապատասխանաբար 115 հազար և 250 հազար դրամ է։ Պատվիրակությունները նաև փորձելու են 315 հազար դրամ արժողությամբ Don Perignon Limited շամպայնը։ Հետաքրքիրն այն է, որ այս շամպայնի 0,75 մլ Don Perignon Vintage տարբերակը սուպերմարկետներում արժի 130 հազար դրամ, իսկ Don Perignon Vintage Rose 0,75 մլ արժե 225 հազար դրամ։
Պայմանագրի գնման ընթացակարգը կատարվել է մեկ անձից սկզբունքով»։