Մամուլ

Էկոնոմիկայի նախարարությունը երեք տարի առաջ էլ է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ 3 տարի առաջ՝ 2021 թվականին էր՝ Էկոնոմիկայի նախարարությունը չարաշահումների կասկածով հայտվել էր ուշադրության կենտրոնում։

2021 թվականին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ 2019թ. դեկտեմբերի 16-ին նախարարության կողմից «դաբաղ» տեսակի պատվաստանյութի ձեռք բերման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Սկիֆ Ագրոս» ՍՊԸ (ՌԴ) հետ 28.02.2020թ.-ին կնքվել է պայմանագիր, որի արդյունքում գնման հայտով սահմանված 226.227.500 դրամից բացի, որպես ավելացված արժեքի հարկ, պետական բյուջե պետք է վճարվեր հավելյալ 44 մլն 474 հազար դրամ: Ըստ ստացված նյութերի՝ մատակարար կազմակերպության կողմից պատվաստանյութը սահմանված ժամկետներում չմատակարարելու պայմաններում նախարարության պաշտոնատար անձինք սահմանված կարգով չեն երկարացրել բանկային երաշխիքի ժամկետները, ինչպես նաև չեն կիրառել պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները, այլ պարզապես միակողմանի խզել են պայմանագիրը, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն 445 հազար դրամի վնաս:

Էկոնոմիկայի նախարարությունը այս իրադարձություններից հետո դասեր է քաղել և պատվաստանյութը 2023 թվականին գնել է էլեկտրոնային աճուրդով «Ինովատոր» ՍՊԸ-ից։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 187 մլն 972 հազար դրամ՝ ԱԱՀ-ն ներառյալ։ Գնման առարկան եղել է անասնաբուժության մեջ կիրառվող՝ կենդանիների դաբաղ հիվանդության նկատմամբ բազմավալենտ, սորբինացված, կուրտուլար, ակտիվազրկված պատվաստանյութ՝ վիրուսի A Իրան 2005 և AG-VII, O Պան Ասիա-2, Ասիա 1, Sindh-08 տիպերի դեմ։

Պատվաստանյութի միավորի արժեքը կազմել է 111 դրամ, և ձեռք է բերվել 168 հազար 880 հատ։ Հետաքրքիրն այն է, որ երբ բազմապատկում ես քանակը պայմանագրում նշված մեկ հատի արժեքի հետ, ստացվում է ոչ թե 187 մլն 972 հազար դրամ, այլ 18 մլն 797 հազար դրամ։ Հասկանալի չէ՝ սա վրիպակ է, թե ոչ. չենք կարող ասել։ Եթե դիտարկեք, որ սա Ավելացված արժեքի հարկ է, կասկածելի կլինի, որ այն 10 անգամ ավելի շատ է պայմանագրով պահանջված ապրանքի գնից»։