Մամուլ

Զարուհի Փոստանջյանին հրավիրել են Քննչական կոմիտե․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած հայտարարությունների համար:

ArmLur.am-ը գրել էր, որ դեռ երեկ Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե:

Բանն այն է, որ դեռ 2021թ.-ի փետրվարի 8-ին՝ «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել:

Այս հայտարարությունների առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու և բացատրություններ տալու:

Դատարանը վճիռ էր կայացրել՝ պահանջելով Փոստանջյանից հերքմամբ հանդես գալ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 507-րդ հոդվածով, այն է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը:

Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ երկրից չհեռանալը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պատրաստվում է բողոքարել իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ դատարանն այնպիսի պահանջ է ներկայացրել, որ կատարելն անհնար է.

«Դատարանը պահանջել է 5000 տպաքանակ ունեցող մամուլում հերքմամբ հանդես գալ, բայց Հայաստանում այդքան տպաքանակ ունեցող թերթ չկա. ես հետաքրքրվել եմ, ինչպե՞ս կատարեմ այս պահանջը»: