Մամուլ

«Ոսկու աշխարհ»-ի սեփականատերը դատարանի դռներն է ընկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մութ ամպեր՝ «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի գլխին։ Վերջինիս պատկանող «Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն դատարանի դռներն է ընկել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ոսկու շուկայի սեփականատերը դատի է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։ Իսկ ի՞նչն է պատճառը։ 2023 թվականին պարզվել էր, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում:

«Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, և վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք. Երևան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը և շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով և խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երևան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գործող «Վաղարշ և Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները», – ասվել էր հաղորդագրությունում»։