Մամուլ

Պատգամավորներից ովքե՞ր չեն ստորագրել «Սիներջիի» աշխատակիցների համար միջնորդության տակ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցությունը երաշխավորագիր է ներկայացրել դատարան՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցների խափանման միջոցը փոխելու հարցով։ 71 հոգուց 64-ը ստորագրել է այն։ Չեն ստորագրել Արսեն Թորոսյանը և Հռիփսիմե Գրիգորյանը, որոնք գործուղման են` բացակայում են Հայաստանից: Չի ստորագրել Ալեն Սիմոնյանը՝ թիմակիցներին ասել է, որ իր ստորագրելը ճիշտ չի լինի։

Մեզ ասացին, որ չի ստորագրել նաև Ալեն Սիմոնյանի մտերիմ Խաչատուր Սուքիասյանը, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, և Քրիստինե Պողոսյանը: Վերջինս անձնական գործերով այդ օրը խորհրդարանում չի եղել, սակայն պատրաստակամություն է հայտնել ստորագրել հաջորդ օրը։

Ի դեպ, երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ նախագահը նախկինի պես չէր շեշտում․ «Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը», և դա ոմանք մեկնաբանեցին որպես աննախադեպ «համարձակություն» Սիմոնյանի կողմից»: