«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԿԳՄՍ նախարարությունը որոշել է վերանորոգել Զեյթունի հանրակացարանն այն ժամանակ, երբ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը նոր է սկսվել։ Մեզ հասած տեղեկություններով, հանրակացարանի բնակիչներին մինչև մարտ ամիսը ժամանակ է տրվել, որպեսզի լքեն հանրակացարանը: Իսկ թե նրանք որտեղ պետք է բնակվեն, ինչպես պետք է բնակարան վարձեն, նախարարությանը, կարծես, առանձնապես չի հուզում:
Զեյթունի հանրակացարանի բնակիչները հիմնականում այն ուսանողներն են, որոնք անշարժ գույքի վարձակալության թանկացումների ֆոնին ի վիճակի չեն եղել բնակարան վարձել, հիմա առավել ևս չեն կարողանա։ ԿԳՄՍ նախարարությունից մեր ուղարկած գրավոր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ պատրաստվում են վերանորոգել հանրակացարանը, իսկ հարցին, թե արդյոք վերաբնակեցնելո՞ւ են հանրակացարանում ապրող ուսանողներին, և ինչպե՞ս է ապահովվելու նրանց ուսման շարունակականությունը, պատասխանել են, թե այդ հարցը դեռևս քննարկում են, բայց մենք տեղեկացանք, որ հանրակացարանի տնօրինությունն արդեն ստացել է նամակը, և ոչ մի այլընտրանք ուսանողներին չի առաջարկվելու։
Մեր տեղեկություններով՝ հանրակացարանի վերանորոգման համար 700 միլիոն դրամից ավելի գումար է հատկացվել, նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում։ Շինարարությունն իրականացնելու է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ն։ Նշենք, որ Զեյթունի հանրակացարանում բնակվում են նաև Արցախից տեղահանված ընտանիքներ»։