«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը երեկ դատապարտվեց 3 տարի 7 ամիս 13 օր ազատազրկման, սակայն դատարանը որոշեց ազատազրկումը պայմանականորեն չկիրառել` սահմանել փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով։ Այսինքն, 3 տարի այս պատիժը կախած են պահելու պրոֆեսորի գլխին` ցանկացած պահի կիրառելու հեռանկարով, որ նա իշխանության դեմ քայլ չանի:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ԱԺ ընտրություններին մասնակցելուն, ՔՊ կուսակցության օգտին չքվեարկելուն և «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելուն հարկադրելու համար, թեև հրապարակված ձայնագրության մեջ որևէ դրվագ առկա չէ, որ Չարչյանն ինչ-որ մեկին ինչ-որ բան է հարկադրում, նա պարզապես նշում է, որ ընտրություններին պետք է մասնակցել, սակայն չի նշում, թե կոնկրետ որ ուժի օգտին քվեարկել։
Պրոֆեսորը գործի քննության ողջ ընթացքում իր մեղքը չի ընդունել, նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակին» հայտնեց, որ դատարանի այս դատավճիռն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։ Ինքը` Արմեն Չարչյանը, հրաժարվեց խոսել այս թեմայով»։