«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Նոր տարվա օրը ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նամակ էր գրել Ձմեռ պապին․ «Բաց նամակ՝ Ձմեռ պապին և բոլոր բարի մարդկանց. երազում եմ, որ 2024 թվականին կատարվեն իմ 5 երազանքները։ Երազանքներից մեկը. դատական ծառայողները (օգնական, քարտուղար, կարգադրիչ և այլ) այսօր ստանում են 100-200 հազար դրամ աշխատավարձ և կատարում են տաժանակիր ու բոլորիդ ճակատագրերի համար չափազանց կարևոր աշխատանք: Շատ եմ խնդրում, շատ, թո՛ղ բարձրանան նրանց աշխատավարձերը»։
Մինչ Կարեն Անդրեասյանը 2024 թվականին դատական համակարգի ծառայողի աշխատավարձի բարձրացման ցանկության մասին է խոսում, դատական ծառայողների վրա այն վատ անդրադարձ է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, որ մինչ այս, աշխատավարձից բացի, այդ աշխատակիցները նաև հավելավճար են ստացել, սակայն, 2024 թվականից սկսած, իրենց հավելավճարները 7-8 տոկոսով կրճատել են։
Ստացվում է՝ Կարեն Անդրեասյանը Ձմեռ պապիկից խնդրում է վարձատրության բարձրացում, բայց իրականում կրճատումներ է անում:
Դատական համակարգում այս իրավիճակը գնահատել են այսպես՝ մեկ վատ բան՝ Կարեն Անդրեասյանից»։