Մամուլ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրում է Կարեն Թումանյանի բարեվարքության հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից պաշտոնապես հայտնել են, որ ուսումնասիրության առարկա էին դարձել Կ. Թումանյանի բարեվարքության ուսումնասիրության գործընթացի շրջանակներում՝ զանգվածային լրատվական միջոցներում հրապարակված տեղեկությունների համատեքստում։ Ստացվում է, որ հանձնաժողովը բարեվարքության շրջանակներում գնահատման առարկա է դարձրել ԲԴԽ գիտնական անդամի թեկնածու Կարեն Թումանյանի բանակից ազատվելու հարցը, որի մասին հրապարակում էր ունեցել «Ժողովուրդ» օրաթերթը:

Այսպիսով. եզրակացությունը պետք է Ազգային ժողովին եւ թեկնածուին ուղղված հարցերի բարձրացման հիմք հանդիսանա, եւ դեռ ավելին՝ նաեւ բարձրացվի հանձնաժողովի հաշվետվողականության հարցը, թե արդյոք զինծառայության հետ կապված փաստը պատշաճ է գնահատվել։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրված փաստաթուղթն այն մասին, թե ինչ հիմքով է ազատվել բանակից Կարեն Թումանյանը։ Ըստ այդմ՝ նա հասցրել է մինչեւ զորակոչը ունենալ 2 երեխա: Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իր կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում, եւ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել եւ ակնհայտորեն ունի փոքր կին եւ երեխաներ:

Լուրեր կան, որ նա արդեն 2 երեխա ունեցող մի կնոջ հետ է ամուսնացել, որից հետո բաժանվել է, ապա այդ կնոջ հետ է ամուսնացել նրա հայրը: Թումանյանը հերքեց այդ տեղեկությունը՝ ասելով, որ մեկ անգամ է ամուսնացել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում