«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը, ըստ ամենայնի, հարցաքննության կհրավիրի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, քանի որ նախաքննական մարմնում քննարկվել է հարց, որ նախարարի հաստատումով են կատարվել գնումների գործընթացները։
Հիշեցնենք, որ երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ Քննչական կոմիտեն Էկոնոմիկայի նախարարության չարաշահումների քրեական գործով 7 անձի մեղադրանք է առաջադրել, որոնց մեջ էին նաև պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը: Քրեական գործով անցնող 7 մեղադրյալները կալանավորված են։
Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ չարաշահել են ծառայողական լիազորությունները»։