Մամուլ

Դավիթ Բալայանը՝ ՍԴ դատավո՞ր․ «Հրապարակ»

Դավիթ Բալայանը՝ ՍԴ դատավո՞ր․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի հրաժարականից հետո թափուր մնացած տեղը համալրելու հերթը դատական մարմնինն է։ Փետրվարի 2-ին Դատավորների ընդհանուր ժողովում կընտրեն և խորհրդարանին կներկայացնեն ՍԴ դատավորի թեկնածու:

Մեր աղբյուրները հայտնում են, որ ՍԴ դատավոր դառնալու ցանկություն ունեն Երևան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը` ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատրյանը` Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի եղբայրը, ով վերջերս է ԲԴԽ-ից տեղափոխվել դատական համակարգ։ Կան նաև այլ հավակնորդներ, սակայն եթե նույնիսկ նշված երկու թեկնածուներն առաջադրվեն, թեժ մրցակցություն է սպասվում: Դատավորների, այսպես կոչված, անկախական թևն աջակցում է Բալայանին։

Հիշեցնենք, որ Արայիկ Թունյանի լիազորությունները դադարել են հունվարի 4-ին՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ։ Եթե օրենքով սահմանված ժամկետում ՍԴ նոր դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է դատավորի նոր թեկնածու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական