Մամուլ

Ովքե՞ր են հանձնաժողովի անդամները․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, անցած տարեվերջին Արցախի խորհրդարանի գաղտնի նիստում ձևավորվել է Արցախի հարցով միջազգային հանձնախումբ, որն օժտված է խորհրդարանի մանդատով և միջազգային կառույցներում ու տարբեր հարթակներում պետք է զբաղվի Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությամբ, հայրենադարձության և այլ խնդիրներով։ Մի քանի օր առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ինքն է իրականացնելու այդ հանձնախմբի աշխատանքների համակարգումը։

Մենք պարզեցինք, որ հանձնախմբի աշխատանքներին ներգրավված են նաև դաշնակցականներ Մարիո Նալբանդյանը, Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, Արցախի գործող ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Սակայն հանձնախմբի կազմը կարող է էլի համալրվել։ Թե ինչպես է հանձնախումբը գործելու, և արդյոք միջազգային կառույցները հաշվի՞ են նստելու Արցախի ԱԺ-ի կողմից ձևավորված այս միավորի հետ, դեռևս հայտնի չէ, քանի որ հանձնախմբի կազմը նոր է ձևավորվել, և դեռևս առաջին քայլերն էլ չեն արվել»։