Մամուլ

Բաքվում պահվող ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը լրանում է․ «Հրապարակ»

Բաքվում պահվող ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը լրանում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերից Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարների կալանքի ժամկետը լրանում է: Հունվարի 28-ին լրանում է նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման 6 ամիսը, հունվարի 30-ին` Դավիթ Բաբայանինը, նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Արայիկ Հարությունյանի կալանքը լրանում է փետրվարի 3-ին: Նրանք կալանավորվել էին 4 ամսով, և որոշ հույսեր կային, որ ժամկետը լրանալուն պես ազատ կարձակվեն:

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չէ, թե ինչ քայլեր կանի ադրբեջանական իշխանությունը․ «Կան օրենսդրական կարգավորումներ, եթե նախաքննությունն ավարտված չէ, և կա իբրև թե նոր ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտություն, ապա դատարանին կալանքը երկարացնելու միջնորդություն կներկայացվի: Այն կարող է լինել 1, 2, 3 ամսով, ցուցե՝ ավելի շատ: Այս պահին չկան հստակ տեղեկություններ, սակայն կարծում եմ՝ առաջիկայում գործերի ընթացքը պարզ կլինի: Հավանական եմ համարում՝ թեկուզ կրճատված, սակայն կալանքի երկարացումը: Դեռ որոշակի բեմադրություններ են պահանջվելու, նախքան դատավարությունը»:

Ըստ ադրբեջանական օրենսդրության, նախնական կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 18 ամիս:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական