«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել Նորատուսում ձկնորսների և պարեկների գործը մարզից տեղափոխել Երևան և այն քննել մայրաքաղաքի դատարանում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Նորատուսի հայտնի ձկնորսների գործով փոխել է մեղադրյալ Ալիկ Համբարձումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Ավելին՝ դատարանը բավարարել է նաև պաշտպանի միջնորդությունը, և վարույթը կուղարկվի քննվելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
2023թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացրել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս դեպքով ընդամենը մեկ անձ էր կալանավորվել, որի խափանման միջոցը փոխվեց, և գործը տեղափոխվեց Երևան»։