Մամուլ

Նոր մանրամասներ ձնահոսքի հետևանքով զինծառայողի զոհվելու դեպքից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ձնահոսքի հետևանքով կյանքից զրկված Բենիամին Մանուչարյանի դեպքից։ Մասնավորապես, զինվորի զորացրվելուց առաջ զանգեր են հնչել զորամասի ղեկավարներին, և պահանջել են, որ զինվորին զորացրեն հենց իր բանակ գնացած օրը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զորամասի ղեկավար կազմը պնդել է, որ չեն կարող, սակայն պահանջները թիկունքավոր բարեկամների կողմից շարունակվել են, քանի որ ծնողները պատրաստվել են: Եւ, ահա, հրամանատարության զիջումների հետևանքով որոշվել է զինվորին մարտական դիրքից իջեցնել, ինչն էլ ցավալի ու ողբերգական հետևանք ունեցավ։

Նշենք, որ երեկ խորհրդարանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ մարտական դիրքից մշտական տեղակայման վայր գնալու ճանապարհին զոհված Բենիամին Մանուչարյանի մահվան հանգամանքներին։

Նախարարը նախ նշեց, որ ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ միայն ծառայողական քննության և քննչական գործողությունների արդյունքում։ Ամեն դեպքում, Պապիկյանն ընդգծեց, որ վերջին 10 օրերին շատ բարդ եղանակային պայմաններ են լեռնային հատվածներում։