«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի պետ Անուշ Ռշտունու դեմ քրեական գործ է հարուցվել դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու համար՝ Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի հատկանիշներով։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ինչպես է վերջինս Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում տեղի ունեցած Խնամակալության և հոգաբարձության խորհրդի նիստից հետո պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսևորել՝ վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելով հակառակ կողմի հասցեին։ Մասնավորապես, փաստաբան Տիգրան Ստեփանյանը, ահազանգելով մեր խմբագրություն, հայտնել էր, որ Անուշ Ռշտունին իր վստահորդին սպառնացել էր «առյուծների փայ դարձնել»։ Գրել էինք նաև, որ Անուշ Ռշտունին ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի սանիկն է. վերջինս ունի առյուծներ, և, հավանաբար, հենց նրա առյուծներով էլ Ա․ Ռշտունին սպառնում է քաղաքացուն։
Մեզ հաջողվեց ճշտել, որ այս դեպքից հետո սույն պաշտոնյան ոչ միայն չի ենթարկվել կարգապահական պատասխանատվության, այլև շարունակել է դրսևորել հակաօրինական վարքագիծ, ինչը հենց հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու պատճառ է դարձել։ Փաստացի ստացվում է, որ ԱՆ որոշ պաշտոնյաներ, որոնք կոչված են հետևելու արդարադատությանը, իրենք են խոչընդոտում դատարանի որոշումների կատարմանը՝ հավանաբար վայելելով ԱՆ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորչությունը։ Ի դեպ, ԴԱՀԿ ծառայությունը ևս ստեղծված իրավիճակի մեջ մեղքի իր բաժինն ունի. առնվազն աչք է փակում կոլեգա պաշտոնյայի հակաօրինական գործողությունների վրա»։