Մամուլ

Ավագանու նիստի միջադեպի գործով հարցաքննություններ կլինեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տոներից հետո նախաքննական մարմինը որոշել է Երևանի ավագանու նիստի միջադեպի գործով հարցաքննել միջադեպի մյուս մասնակիցներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ բարձրացվել է հարցը, որ միգուցե Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին ճանաչեն տուժող։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել և հարցաքննվել Երևանի ավագանու կին անդամներից ընդամենը մեկը՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը. նրանից հետո այլ անձ չի հարցաքննվել։

Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջև առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են»։