«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Լոռվա և Արմավիրի մարզպետների պաշտոնանկությունից հետո մյուս մարզպետները ոտուձեռ են ընկել, 24/7 ռեժիմով այցելում են իրենց մարզում նորոգվող կրթական և առողջապահական հաստատություններ, ստուգում կախիչներն ու «դուշերը», հանձնարարում աշխատանքները որակով անել՝ հույս ունենալով, որ ազատումների ալիքն իրենց չի հասնի:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, օրինակ, հարյուր տարվա փորձառու «պրարաբ» է իրեն զգում` ողջ օրն անցկացնում է շինհրապարակներում: Մարզպետարանի պաշտոնական էջը հաղորդում է, որ նախօրեին նա «հետևել է Արթիկի թիվ 1 մանկապարտեզի շենքի շինարարական աշխատանքների ընթացքին», «շինարարի հետ զրույցում նկատառումներ նշել և ընդգծել, որ հաշվի պետք է առնվի յուրաքանչյուր հարց, և անգամ փոքր թերացումները պետք է արագ շտկվեն»: Նույն օրն այցելել է նաև Արթիկի թիվ 3 և 4 մանկապարտեզներ` շինաշխատանքների ընթացքին հետևելու։
«Մուշեղ Մուրադյանն այցելել է նաև Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակ», հետևել «Շիրակի մարզի 3 բնակավայրերում՝ Բերդաշենում, Արեգնադեմում և Կապսում կառուցվող դպրոցների մոդուլային շենքերի շինարարական աշխատանքների ընթացքին»:
Գեղարքունիքի մարզպետն էլ իրեն ապահովագրելու համար գրություն է ուղարկել կառավարություն՝ տեղեկացնելով Մարտունու՝ անցած տարեվերջին բացված հիվանդանոցի թերությունների մասին, որ դրանք սահմանված ժամկետում չեն շտկվել»։