Մամուլ

«Գոլդեն Փելիս» հյուրանոցի տնօրենին աշխատեցրել, բայց չեն վճարե՞լ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Նալբանդյան» օղիների արտադրող, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, կասկածելի ձևով Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը և Հովիկ Աբրահամյանի տունը սեփականաշնորհած հեղափոխական օլիգարխ Նարեկ Նալբանդյանը հյուրանոցի գլխավոր տնօրեն, ազգությամբ եգիպտացի Մահմուդ Սաադին աշխատացրել և առանց համապատասխան վճարի հեռացրել է աշխատանքից: 

Նարեկ Նալբանդյանը աշխատանքի դիմաց չի վարձատրել նաև «Գոլդեն Փելիս» հյուրանոցում ժամանակավոր աշխատանք իրականացնող երիտասարդներին, դեռահասներին:

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց պետության նվերը «փակովի» տարբերակով գնած «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի հետ՝ պարզելու, թե ինչու է մարդկանց շահագործում:

«Կխնդրեմ ձեր օրաթերթից ինձ վապշե չզանգեք»,- ագրեսիվ տոնով բղավեց նորահայտ գործարարը:

Երբ փորձեցինք պարզաբանել, թե որն է ագրեսիայի պատճառը, հստակ հարցադրում է եղել, Նարեկ Նալբանդյանը շարունակեց ագրեսիան. «Որովհետև դուք արժանի չեք, որ ես ձեր զանգին պատասխանեմ. ինչ ուզում եք, արեք, վոբշմ»»։