Մամուլ

4 դատավորի լիազորությունները կկասեցվեն․ ՄԻԵԴ որոշում կա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանի, Հովսեփ Բեդևյանի և Քրիստինե Մկոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Պատճառն այն է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի որոշում կա, որը փաստացի նրանց դեմ է:

ՀՀ բարձրագույն դատական խորհրդից հաստատեցին «Ժողովուրդ» օրաթերթի այս տեղեկությունը: «Այո՛, հաստատում եմ, որ ԲԴԽ ստացել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդությունը, որի հիմնավորումների համաձայն՝ Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանի, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Հովսեփ Բեդևյանի, Քրիստինե Մկոյանի, Ռուզաննա Հակոբյանի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի», իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Վարչական դատավարության օրենսգրքի որոշ հոդվածների խախտումներ»,- հայտնեց ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը:

Դատական համակարգում արդեն աղմուկ է բարձրացել, և շատ դատավորներ անհամբեր սպասում են՝ արդյոք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն այս դատավորների լիազորություները կդադարեցնի, ինչպես դա փաստացի արեց այլ դատավորների մասով: Այս եռյակում նրա սանիկն է, ընկերն ու «ենթական»»: