Մամուլ

Արարատ Միրզոյանի վրա հարձակված Բադոյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .«Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված Արա Բադոյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով: Նա կալանքի տակ կմնա մինչև 2024թ. մարտի 2-ը, եթե նոր որոշում չկայացվի:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ա.Բ-ն, 2020 պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված, մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել են մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվել են զանգվածային անկարգություններ:

Նույն հաղորդագրության համաձայն՝ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող՝ զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

Ա.Բ-ի և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետևանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, և նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդյունքում Ա.Բ-ն կալանավորվել է:

Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ա. Բ-ն, որը հավածել է Արարատ Միրոզյանին: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ վերջինս Արա Բադոյանն է: ԱԱԾ քննչական դեպարտամենտը ներկայացված միջնորդությամբ նշել էր, թե, իբր, Արա Բադոյանը ոտքով մեկ անգամ հարվածել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ որպես այդ փաստի միակ և վճռորոշ ապացույց հղում անելով լրատվական կայքի յութուբյան տեսագրությանը»: