Մամուլ

ԱԺ համար կահույք են գնել, սալիկապատում են ապագա սրճարանի ճեմուղին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովը 2023 թվականի ընթացքում էլեկտրոնային աճուրդ և «Գնանշման հարցում» գնման ընթացակարգերով ձեռք է բերել կահույք, խորհրդակցությունների սենյակի կահույք և ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար փափուկ կահույք։ Նշված գնումների գործընթացների արժեքը կազմել է 7 մլն 810 հազար դրամ։

Սրան զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրեց, որ Ազգային ժողովի 334 սենյակի կահույքը գտնվում է անմխիթար վիճակում։ Նիստերի սենյակի սեղանները քերված են, մաշված, աթոռները՝ հնամաշ, քանդված կարերով: Եւ ստացվում է, որ Ազգային ժողովը զվարճանքների և տուրիստական այցերի համար պետբյուջեում միլիոններ ունի, սակայն 334 սենյակը մաշվում ու մաշվում է: 

ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ-ի բակում սրճարան է կառուցվում, ընդ որում՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ցուցումով դեկտեմբերյան ցրտին սալիկապատում են սրճարանի ճեմուղին»։