«Հրապարակ» թերթը գրում է. Դեկտեմբերի 13-ին, երկար ընդմիջումից հետո, Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց եւս 32 ռազմագերու, որոնց դիմաց հայկական կողմը կասկածելի պայմաններում եւ անհայտ իրավական ակտի հիման վրա Ադրբեջանին հանձնեց 2 ահաբեկչի՝ Ագշին Բաբիրովին ու Հուսեյն Ախունդովին, որոնք Սյունիքի մարզում հատել էին ՀՀ սահմանը եւ ահաբեկչական գործողություններ կատարել, Ախունդովը սպանել էր ԶՊՄԿ աշխատակցին, որի համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ Բաբիրովը՝ 11 տարվա ազատազրկման։
Ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել հետեւյալ ռազմագերիներին․ Ավագյան Հրաչ Արզումանի, Ավագյան Սերոբ Սուրենի, Ավագյան Տիգրան Մանուկի, Ավետիսյան Վաղարշակ Աշոտի, Արամյան Կարեն Արմենի, Բահրիկյան Վահագն Էդիկի, Բաղդասարյան Արթուր Էդուարդի, Գեւորգյան Ռոբերտ Հովիկի, Դիլանյան Արման Վազգենի, Եղիազարյան Սասուն Սեյրանի, Թադեւոսյան Հրայր Վարդանի, Թոսունյան Լեւոն Աշոտի, Իսանյան Արեն Արայի, Կիրակոսյան Էդուարդ Արմենի, Կոստանյան Նարեկ Աղասու, Հակոբյան Վոլոդյա Գագիկի, Հարությունյան Վարազդատ Սերյոժայի, Հերաբյան Հրայր Հրաչի, Հովագիմյան Հարություն Յուրիկի, Հովհաննիսյան Հայկազ Կորյունի, Ղազարյան Կարեն Աշոտի, Մարտոյան Մանուկ Հովհաննեսի, Մարտիրոսյան Գեւորգ Սամվելի, Միքայելյան Անդրանիկ Վազգենի, Ոսկանյան Գագիկ Աշոտի, Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի, Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի, Սարգսյան Իշխան Աշոտի, Սերոբյան Գեղամ Սամվելի, Սուքիասյան Անդրանիկ Սրապի, Ստեփանյան Դավիթ Ստեփանի, Վարդանյան Արսեն Արայիկի:
Վերադարձած ռազմագերիների մի մասը՝ Արամյան Կարեն Արմենի, Ավագյան Տիգրան Մանուկի, Մարտիրոսյան Գեւորգ Սամվելի, Գեւորգյան Ռոբերտ Հովիկի, Ավետիսյան Վաղարշակ Աշոտի, Հակոբյան Վոլոդյա Գագիկի, Սուքիասյան Անդրանիկ Սրապի, Սաղաթելյան Գրիգորի Սեյրանի, Կիրակոսյան Էդուարդ Արմենի, ադրբեջանական իշխանությունների կողմից 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել։ Նրանք գերեվարվել էին նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, Հադրութի հատվածից։ Նշված ռազմագերիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից մեղադրանք էր առաջադրվել իրենց օրենսգրքի 318.2-րդ հոդվածով, այն է՝ «խմբի կազմում նախնական համաձայնությամբ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելը», եւ 228.3-րդ հոդվածով՝ «կազմակերպված խմբի կողմից զենքի, դրանց բաղադրամասերի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահպանում, փոխադրում կամ կրում»: Բաքվի դատարանում մեղադրող դատախազը պահանջել էր հայ ռազմագերիներին դատապարտել 7 տարվա ազատազրկման, դատավորն էլ իբր դատախազի պահանջը չի բավարարել եւ 6 տարվա ազատազրկման է դատապարտել՝ պայմանով, որ պատիժը կրելուց հետո նրանք պետք է արտաքսվեն Ադրբեջանից։ «Դատավճիռը» կայացրել է Բաքվի վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ֆաիգ Գանիեւը։
Նույն դատական պրոցեսով անցնում էին նաեւ Եղիշ Հովհաննեսի Աստանյանը, Գրիգոր Գեւորգի Գեւորգյանը, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։ Վերջինս եւս 4 հոգու հետ Հայաստան էր վերադարձել 2021 թվականի հոկտեմբերի 19-ին։ Գրիգոր Գեւորգի Գրիգորյանը, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը Հայաստան են վերադարձել 2021 թվականի հուլիսի 3-ին, երբ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմն Ադրբեջանին փոխանցեց Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզները:
3 օր առաջ 32 ռազմագերիների շարքում Հայաստան են վերադարձել նաեւ Գեղամ Սամվելի Սերոբյանը եւ Հրաչ Արզումանի Ավագյանը։ Նրանց ու եւս 12 հոգու Ադրբեջանը մեղադրանքներ էր առաջադրել իրենց քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3-րդ հոդվածներով` «ահաբեկչություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության, կազմակերպված խմբի կամ հանցավոր միավորման (հանցավոր կազմակերպության) կողմից հրազենի եւ որպես զենք օգտագործվող առարկաների օգտագործմամբ», ինչպես նաեւ 228.3 եւ 318.2 հոդվածներով, որոնցով մեղադրվում էին նաեւ մյուսները։ Գեղամ Սամվելի Սերոբյանը եւ Հրաչ Արզումանի Ավագյանը դատապարտվել էին 4 տարվա ազատազրկման, իսկ մյուսները՝ 6 ամսվա։ Նույն գործով էին անցնում նաեւ Արմեն Եղիազարի Պողոսյանը, Գոռ Վահրամի Գասպարյանը, Կամո Կարենի Սեֆիլյանը, Վոլոդյա Վաչագանի Հակոբյանը, Գեւորգ Նորայրի Ասատրյանը, Սիսակ Գրիշայի Ենգոյանը, Ալբերտ Կամոյի Պետրոսյանը, Ռոմիկ Միսակի Սեդրակյանը, Արամ Գառնիկի Մինասյանը, Մկրտիչ Սիմոնի Մինասյանը, Էդգար Վաչագանի Մահտեսյանը եւ Յուրի Տիգրանի Կարապետյանը։ Վերջիններս եւս Հայաստան են վերադարձել ականապատ տարածքների քարտեզների դիմաց, 2021 թվականի հուլիսի 3-ին։
Նշենք, որ մինչ այժմ ՀՀ կառավարությունը չի հրապարակել, թե Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո գերեվարված քանի հայ ռազմագերի է պահվում, չեն հրապարակվել նաեւ նրանց անունները։ Մեզ միայն հայտնի է, որ այս պահին Ադրբեջանի բանտերում են պահվում Արցախի 69-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում