«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից մանկապարտեզների սնունդի շուրջ բացահայտված ապօրինություններից հետո տնօրեններին ասել են՝ դիմում գրեն, ազատվեն, ինչն էլ տնօրեններն արել են: Ավելին՝ գրել էինք, որ Երևան քաղաքի մանկապարտեզների տնօրենների են տարել ԱԱԾ՝ հարցաքննության, և քննությունը ցույց կտա՝ կկալանավորեն նրանց, թե ոչ։
Տեղեկացանք, որ ԱԱԾ-ում հարցաքննված տնօրենների մեջ եղել են նախկին պաշտոնյաների կանայք, որոնցից մեկը Երևանի թիվ 43 մանկապարտեզի տնօրեն Կարինե Հովակիմյանն է, որը «Խոսրով»-ի արգելոցի նախկին տնօրեն Հրաչյա Հովակիմյանի կինն է։ Վերջինիս եւս ասել են՝ դիմում գրի, ինքնակամ ազատվի։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարինե Հովակիմյանը նշեց, որ ինքն իր սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից: Ի դեպ, նկատենք, որ ԱԱԾ-ի այս բացահայտումից հետո 11 մանկապարտեզի ազատված տնօրենների զգալի մասը երկար տարիներ աշխատել են նախկին իշխանությունների օրոք, ու նրանց ազատվելու գործընթացն իրականացվեց այս բացահայտումից հետո»։