Մամուլ

ՔՊ քաղաքական ժողովը նեղ կազմով կանցկացվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այս շաբաթ կայանալիք քաղաքական ժողովը, ի տարբերություն նախորդի, նեղ կազմով է անցնելու, պատգամավորների մեծ մասը, ինչպես նաև այլ հրավիրյալներ չեն լինի:

Կանոնադրության համաձայն՝ քաղաքական ժողովին ներկա են լինում կուսակցության վարչության անդամները, վերահսկիչ հանձնաժողովների անդամները, կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարները, ԱԺ մշտական հանձնաժողովների և կառավարության ՔՊ-ական անդամները, ինչպես նաև այն համայնքապետերը, որոնք ՔՊ կուսակցության անդամ են հանդիսանում: Բացի մշտական անդամներից, վարչության որոշմամբ, քաղաքական ժողովին մասնակցում են նաև հրավիրյալներ: Կուսակցության նախորդ քաղաքական ժողովին, որը տեղի էր ունեցել այս ամռանը՝ հունիսի 17-ին, Դիլիջան քաղաքում, ներկա էին գրեթե բոլոր պատգամավորները, կային նաև հրավիրյալներ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունը որոշել է այս անգամ քաղաքական ժողովը նեղ կազմով անցկացնել. հրավիրյալներ չեն լինի: Թե որն է պատճառը, ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանն ասաց. «ՔՊ կուսակցության կանոնադրությամբ սահմանված է քաղաքական ժողովի կազմը: Վարչությունը կարող է որոշել՝ լինեն հրավիրյալներ, թե ոչ: Այս անգամ որոշումը եղել է այդպիսին, որ միայն կանոնադրությամբ սահմանված կազմով է քաղաքական ժողովը լինելու, հրավիրյալներ չեն լինելու»: