«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փաստաբանների համար դատարան մուտք գործելու դրեսկոդ սահմանել, այսինքն՝ հագուստի պարտադիր ձև սահմանել։ Օրենքի նախագծով, այդ ձևը սահմանելու լիազորությունը տրվում է Փաստաբանների պալատի խորհրդին։ Վերջինս պետք է սահմանի դատարանում փաստաբանի հանդերձանքի և արտաքին տեսքի նորմերը։ Եթե փաստաբանը չպահպանի ՓՊ խորհրդի որոշմամբ սահմանված նորմերը, նրա նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։
Մենք զրուցեցինք փաստաբաններից մեկի հետ, որն ասաց, որ այսպիսի հարց փաստաբանների շրջանում նախկինում էլ է քննարկվել, սակայն միասնական մոտեցում չի եղել։ Իսկ մեկ այլ փաստաբան էլ պատասխանելով հարցին, թե փաստաբանների համար, փաստորեն, համազգե՞ստ է սահմանվելու, ասաց, որ դեռ պարզ չէ՝ համազգե՞ստ է սահմանվելու, թե՞ պարզապես արգելվելու է բոթասներով ու սվիտերով դատարան մտնելը:
Նա նաև ասաց, որ պատմուճանի տարբերակն էլ է քննարկվել նախկինում, ինչպես Ֆրանսիայում են փաստաբանները պատմուճան կրում, որը և՛ որպես հարգանք կդիտարկվի փաստաբանական ինստիտուտի նկատմամբ, և՛ թույլ չի տա, որ փաստաբանն ու նրա վստահորդը հանրության աչքում նույնականացվեն»։