«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի նկատմամբ հայտարարագրվող տվյալները «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի» հայտարարագրում չներկայացնելու փաստի առթիվ 2021 թվականի մարտի 1-ին վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է ընդունվել։
Վարույթի համաձայն՝ 2019 թվականին, երբ Հակոբ Սիմիդյանը դեռ ԱԺ պատգամավոր էր, 2019 թվականի հայտարարագրում չի ներկայացրել հայտարարագրման ենթակա տվյալներ։
ՀՀ կենտրոնական բանկի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև տեղեկությունների փոխանցման ձևաչափերի հաստատմանը համապատասխան՝ ստացվել է Հակոբ Սիմիդյանի բանկային հաշիվների մնացորդների վերաբերյալ տվյալներ, համաձայն որոնց՝ 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են ընդհանուր 488.806.5 ՀՀ դրամ, իսկ 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 1.054.723.1 ՀՀ դրամ։
Խախտումների վերաբերյալ 2021 թվականի մարտի 1-ին Հակոբ Սիմիդյանի մասնակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Հակոբ Սիմիդյանը փորձել է բացատրել, թե որն է դրամական միջոցները թաքցնելու պատճառը։ Սիմիդյանը նշել է, որ նպատակ չի ունեցել թաքցնել իր դրամական միջոցները, այլ անզգուշության հետևանքով հայտարարագրում չի նշել իր հաշիվներում կուտակված միջոցների մասին։ Նշել է նաև, որ այդ հաշիվներով ստացել է իր աշխատավարձը։
Գործի քննության ընթացքում հանձնաժողովը արձանագրել է, որ Հակոբ Սիմիդյանի կողմից 2019 թվականի տարեկան հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալների ներկայացված լինելու առնչությամբ հաստատված խախտումը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված զանցանք։
Արդյունքում որոշվել է «Հայտարարատու պաշտոնատար անձի 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի» հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար Հակոբ Սիմիդյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200 հազար դրամի չափով։
Հայտարարագրի համապատասխան բաժնում ուղղումներ անելու համար Սիմիդյանին տրամադրվել է 7 օր»։