Մամուլ

«Հաղթանակ» զբոսայգու սեփականատիրոջ որդին քրոջն ու եղբորը զրկում է ժառանգությունից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վերջերս «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքից տեղեկացանք, որ Երեւանի «Հաղթանակ» զբոսայգին շահագործող «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության հիմնադիր եւ միակ սեփականատեր Թորոս Ումրիկյանի մահից հետո նրա ժառանգության եւ «Հաղթանակ» զբոսայգու շահագործման հետ կապված լուրջ զարգացումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես, պարզեցինք, որ Թորոս Ումրիկյանը մահացել է դեռեւս 2021 թվականին, որից հետո նրա ավագ որդին՝ Հակոբ Ումրիկյանը, դատարաններ ներկայացրած հայցերով փորձում է իր եղբորն ու քրոջը զրկել ժառանգության իրավունքից, որպեսզի միայնակ տիրանա ամբողջ ժառանգությանը։

Ուսումնասիրելով նրա կողմից դատարաններ ներկայացված հայցերը եւ դրանց ճակատագրերը՝ ակնհայտ աչք ծակեց այն հանգամանքը, որ նրա հայցերը եւ բողոքները հիմնականում լուծվում նրա օգտին։ Ընդ որում, ոչ միայն ժառանգության հետ կապված, այլ նաեւ բազմաթիվ այլ հարցերում։ Օրինակ՝ «Էվոկաբանկ»-ի հետ վեճը եւս լուծվել է նրա օգտին, որի արդյունքում, նա ազատվել է «Էվոկաբանկ»-ին 250.000 ԱՄՆ դոլար վարկը վճարելու պարտավորությունից, ինչը բավականին հետաքրքիր երեւույթ է։ Ժառանգության հետ կապված հարցերում վիճակն էլ ավելի հետաքրքիր է։

Հակոբ Ումրիկյանը փորձել է ձեւական պատճառաբանություններով հասնել նրան, որ դատարանը եղբոր ու քրոջ հայրության ճանաչման վկայականներն անվավեր ճանաչի, ինչը սկզբում չի հաջողվել, քանի որ վարչական դատարանը մերժել է նրա հայցերը, սակայն «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ ոչ միայն վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է այդ որոշման դեմ նրա ներկայացրած վերաքննիչ բողոքը, այլեւ Հակոբ Ումրիկյանը նաեւ իր վերաքննիչ բողոքը բավարարելու մասին որոշման դեմ է վճռաբեկ բողոք ներկայացրել, եւ այդ բողոքն էլ վճռաբեկ դատարանն է վարույթ ընդունել։ Իրականում, բոլորին է հայտնի, որ վճռաբեկ դատարանը եզակի դեպքերում է բողոքները վարույթ ընդունում, եւ այդ եզակիների շարքում է հայտնվել հենց Հակոբ Ումրիկյանը։ Փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է Հակոբ Ումրիկյանը կարողանում նման հաջողությունների հասնել ՀՀ դատարաններում, եւ Ումրիկյանին մոտ կանգնած աղբյուրները մեզ հայտնեցին, որ նա բավականին սերտ կապեր ունի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատների, ապա նաեւ հենց վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ, ով ներկայումս ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր է, եւ որ Հակոբ Ումրիկյանը հաճախ է պարծենում նրա հետ ունեցած կապերով, ինչպես նաեւ նրանով, որ դատարաններում ինքը ոչ մի խնդիր չունի։

Ընդ որում, նշենք, որ «Դատալեքս»-ից տեղեկացանք, որ Հակոբ Ումրիկյանը 2022 թվականին նաեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ՀՀ ԴԱՀԿ աշխատակցին սնանկության կառավարչի միջոցով՝ խոշոր չափերի կաշառք տալու փորձի համար։ Չնայած, որ այդ արարքի համար պատիժ է նախատեսված 200-400 հազար դրամի չափով՝ տուգանք կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում, սակայն Հակոբ Ումրիկյանի նկատմամբ նվազագույն պատիժ է նշանակվել՝ տուգանք 200.000 դրամի չափով։ Տեղեկացանք նաեւ, որ 2022 թվականից Հակոբ Ումրիկյանի հետ կապված մի քանի քրեական գործեր են հարուցվել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում՝ «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության տնօրենի հետ բազմաթիվ հանցագործություններ կատարելու վերաբերյալ, սակայն գործը ոչ մի կերպ առաջ չի գնում, եւ չնայած տնօրենին մեղադրանք առաջադրվել է, սակայն Հակոբ Ումրիկյանին դեռեւս հաջողվում է ջրից չոր դուրս գալ եւ նրա մասով գործն արդեն 2 տարի է առաջ չի գնում։

ArmLur.am-ը կապ հաստատեց Հակոբ Ումրիկյանի հետ, որը, անդրադառնալով տեղեկություններին, հայտնեց. «Ես Ձեր կողմից նշված անձնավորությանը չեմ ճանաչում, ես անգամ չգիտեմ, թե Դուք ում մասին եք ասում, ես անգամ չգիտեմ՝ ինքը ով է: Իսկ ինչ վերաբերում է մյուս գործերին, տարբեր դատական գործեր են ընթանում, իմ վրա էլ են գրել, ինձ վրա մի քանի քրեական վարույթով քննություն է ընթանում: Դուք նշեցիք այգու տնօրենի մասին. այգու տնօրենի գործը այս պահին դատարանում քննվում է, մարդը 25 հազար դրամ է վճարել ապահովության համար, ու 25 հազար դրամի համար նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ուղղակի մարդիկ փորձում են մեր անունը, կարգավիճակը օգտագործել, իրենց համար PR ստեղծել ու մեր վրա էլ ցեխ շպրտել: Ի՞նչ է նշանակում, թե դուք դատարանում լավ կարգավիճակում եք, ձեզ համար լավ է. բազմաթիվ գործեր են քննվում, մի տեղ լավ է գործը, մեկ այլ տեղում՝ վատ, ի՞նչ է դա նշանակում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում