«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած երեք շաբաթ է՝ Լևոն Քոչարյանն ԱԺ պատգամավոր է, սակայն նա ընդգրկված չէ որևէ մշտական հանձնաժողովում, ինչն օրենքի պահանջ է, և բոլոր պատգամավորներն ԱԺ որևէ մշտական հանձնաժողովի անդամ են։ Բանն այն է, որ Լ․ Քոչարյանը փոխարինում է Արմեն Չարչյանին, ով առողջապահության հանձնաժողովի անդամ էր, սակայն առնվազն տարօրինակ կլինի, եթե Լևոն Քոչարյանն անդամակցի այդ հանձնաժողովին։
Ինքը՝ Լևոն Քոչարյանը, որոշ տեղեկություններով, ցանկություն ունի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում աշխատել, որտեղ, սակայն, ընդդիմության քվոտան արդեն սպառված է՝ «Հայաստան» դաշինքից 3 պատգամավոր է ընդգրկված՝ Արմեն Ռուստամյանը, Քրիստինե Վարդանյանը և Ասպրամ Կրպեյանը։
Որպեսզի տպավորություն չլինի, թե հիմա էլ Լևոն Քոչարյանի համար հատուկ մարդ են տեղաշարժում մի հանձնաժողովից մյուսը, և ստիպված չլինեն ռոտացիա իրականացնել՝ մեկին տեղափոխելով առողջապահության հանձնաժողով, որ տեղ բացվի Քոչարյանի համար, դաշինքում որոշել են ընդհանուր ռոտացիա իրականացնել՝ տեղափոխություններ անելով բոլոր մշտական հանձնաժողովներում, բայց արդեն՝ հաջորդ նստաշրջանում»։