Մամուլ

Մրցույթ մեկ մասնակցով․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ավարտվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Այս տարվա սկզբին ձևավորված այս նոր նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում էր նախկին փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, և քաղծառայության այդ պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել։ 

Ի դեպ, այն բավականին բարձր և գրավիչ պաշտոն է, որի համալրման համար հայտարարվել էր ներքին մրցույթ, այսինքն՝ կարող են մասնակցել միայն նախարարության աշխատողները, որն էլ հաղթել է Արա Ֆիդանյանը։ Իհարկե, մրցույթ ասվածը ենթադրում է մեկից ավելի մասնակից, բայց սա այդ դեպքը չէ․ Ֆիդանյանը միակն է եղել, ով դիմել է այս պաշտոնի համար։ Թեև նախարարության համակարգից կարող էին մյուսներն էլ դիմել ու մասնակցել մրցույթին, բայց ՆԳՆ-ում «ձևականությունների» հետևից չեն ընկել, ցանկացել են, որ Ֆիդանյանն անցնի մրցույթով, նա էլ անցել է»։